ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների հետ, որոնք ուղևորվում են Զապորոժիեի ատոմակայան։ Զելենսկին այդ մասին հայտնել է Telegram–ի իր ալիքում։
«Այսօր Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը Ուկրաինայի և ամբողջ աշխարհի անվտանգության ամենաառաջնային խնդիրներից է: Ատոմակայանում հնարավոր պայթյունների, միջուկային ռեակտորների խափանման, Զապորոժիեի ԱԷԿ-ի բլոկները ուկրաինական ցանցից անջատելու մեծ ռիսկեր կան: Մենք ցանկանում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ հնարավորություն գտնի հասնելու Զապորոժիեի ԱԷԿ և ամեն ինչ անի խուսափելու համար այս բոլոր գլոբալ սպառնալիքներից»,- գրել է Զելենսկին։
Երեկ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ կազմակերպության առաքելությունն արդեն ուղևորվում է Զապորոժիեի ԱԷԿ և կհասնի արդեն ընթացիկ շաբաթվա մեջ:
Ըստ «Wall Street Journal»-ի` Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ստուգումները կսկսվեն օգոստոսի 31-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 3-ը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: