Զապորոժիեի մարզի իշխանությունը մերժել է ԱԷԿ–ի ռեակտորները կանգնեցնելու ամերիկյան առաջարկը

Զապորոժիեի ատոմակայանը
Ատոմակայանի համար ամենաանվտանգ լուծումը կլինի այն, որ ԱՄՆ-ն Կիևի իշխանություններին հրահանգի դադարեցնել ատոմակայանի վրա հարձակումներն ու սադրանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովն անպատասխանատու է համարում Զապորոժիեի ԱԷԿ-ի ռեակտորների աշխատանքը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ հարկավոր է ժամանակավորապես դադարեցնել Զապորոժիեի ատոմակայանի ռեակտորների աշխատանքը՝ դա համարելով ամենաանվտանգ լուծումը։
«Սա անպատասխանատու առաջարկ է, որը թելադրված է Արևելյան Եվրոպայի ամբողջ էներգետիկ հավասարակշռությունը խաթարելու ցանկությամբ, ինչը էներգետիկ շուկաների համաշխարհային մրցակցության մեջ ձեռնտու է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային»,- ասել է Ռոգովը ՌԻԱ Նովոստիին։
Նրա խոսքով` ատոմակայանի համար ամենաանվտանգ լուծումը կլինի այն, որ ԱՄՆ-ն Կիևի իշխանություններին հրահանգի դադարեցնել ատոմակայանի վրա հարձակումներն ու սադրանքները։
«Գնդակոծությունն իրականացվում է ամերիկյան արկերով և հրթիռներով՝ ամերիկյան զենքից և ամերիկացիների պատվերով, ուստի ակնհայտ է, թե ում է ձեռնտու»,- ընդգծել է Ռոգովը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։