ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի-Sputnik. Ռուսաստանը ուշադրություն կհրավիրի Կիևի անպատասխանատու պահվածքի վրա, որը վտանգի է ենթարկում մեծ տարածքներ, և հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կկայանա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք հուսով ենք, որ այդ առաքելությունը կիրականացվի, ինչպես դա համաձայնեցվել է և պայմանավորվածություն ձեռք բերվել։ Մեկ անգամ ևս կրկնում եմ` մենք շահագրգիռ ենք այդ առաքելությամբ և վաղուց սպասում ենք դրան։ Մենք կշարունակենք համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ուկրաինացի զինվորականների անպատասխանատու պահվածքի վրա, որոնք Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությամբ մեծ վտանգ են առաջացնում ոչ միայն այդ օբյեկտի ու մերձակա տարածքների, այլև ավելի լայն աշխարհագրության համար»,- ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ կազմակերպության առաքելությունն արդեն ուղևորվում է Զապորոժիեի ԱԷԿ և կհասնի արդեն ընթացիկ շաբաթվա մեջ:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։