Ուկրաինայի ԶՈւ–ն HIMARS-ից հարվածել է Նովայա Կախովկայի մասնավոր հատվածին. կա մեկ զոհ

HIMARS
Շրջանի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ մասնավոր հատվածը մեծապես տուժել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ից հրթիռակոծել են Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքի մասնավոր հատվածը, որի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Կախովկայի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
«Նոր հրետակոծություններ եղան HIMARS–ից, որի հետևանքով 80-ամյա մի կին է զոհվել, կան վիրավորներ, մասնավոր հատվածը մեծապես տուժել է, ավերածությունների ծավալը մեծ է»,- ասել է Լեոնտևը։
Ընդհանուր առմամբ, տեղական վարչակազմի տվյալներով, վերջին երկու օրվա ընթացքում Նովայա Կախովկան խոցվել է մոտ 100 ուկրաինական հրթիռներով։ 5 տուն ամբողջությամբ ավերվել է, ևս 20-ը` վնասվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։