ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում:
Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը
© Photo : official site of MESCS of RA
«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերն առաջին անգամ էին անցկացվում պետական աջակցությամբ: Հայաստանի հաշմանդային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ մարզական խաղերի շուրջ 20 մասնակից հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Ծաղկաձոր-2022» հաշմանդամային սպորտի մարզական խաղերի հաղթողներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ սեպտեմբերին Երևանում կանցկացվի Հայաստանի պարապաուերլիֆտինգի պաշտոնական առաջնությունը, իսկ հոկտեմբերին ֆեդերացիայի մարզիկները կմասնակցեն Թուրքիայի Անթալիա քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի առաջնությանը: