Սերենա Ուիլյամսի խաղը US Open-ում ռեկորդային էր հաճախելիության թվով. Օհանյանի կինն ապշած է

Սերենա Ուիլյամս. Արխիվային լուսանկար
Այս հանդիպումը երեկոյան խաղաշրջանի մրցաշարի ողջ պատմության մեջ ռեկորդային էր հաճախելիության առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Մեծ սաղավարտի 23-ակի մրցանակակիր, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի մասնակցությամբ ԱՄՆ բաց առաջնության (US Open) հանդիպմանը 29 հազար 402 մարդ է ներկա եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով մրցաշարի կայքին։
Ավելի վաղ 40-ամյա Ուիլյամսը, որը վերջերս հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, առաջին շրջանում հաղթանակ է տարել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի նկատմամբ (6:3, 6:3)։
Այս հանդիպումը երեկոյան խաղաշրջանի խաղերի թվում մրցաշարի ողջ պատմության մեջ ռեկորդային էր հաճախելիության առումով։
Ինքը` մարզիկը հայտարարել է, որ ապշած էր`թե ինչպես են նրան ընդունել երկրպագուները։

«Երբ կորտ դուրս եկա, ընդունելությունն իսկապես ապշեցնող էր։ Մեծ ոգևորություն էր տիրում, և ես դա զգում էի ամբողջ մարմնով։ Դա իսկապես լավ զգացողություն էր։ Այդ զգացողությունը երբեք չեմ մոռանա։ Դա շատ բան է նշանակում ինձ համար»,- ասել է նա։

Երկրորդ շրջանում Ուիլյամսը կխաղա աշխարհի երկրորդ ռակետ, էստոնուհի Անետ Կոնտավեյտի հետ։
US Open-ն ավանդաբար անցկացվում է Նյու Յորքում՝ Արթուր Էշի անվան մարզադաշտում, որն աշխարհի թենիսի ամենամեծ դաշտն է։ Մրցաշարի առաջին օրվա ցերեկային խաղաշրջան ընդհանուր առմամբ այցելել է 41930 երկրպագու, ինչը ևս ռեկորդային ցուցանիշ է դարձել։
Հիշեցնենք, որ Ուիլյամսը ամերիկահայ ձեռնարկատեր, Reddit ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինն է։ Նրանք մեկ դուստր ունեն։