ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Եթե ռուսաստանցիների համար շենգեն վիզան արգելվի, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանք շատ լուրջ որոշումներ են, որոնք ուղղակիորեն ուղղված են լինելու մեր քաղաքացիների դեմ։ Իհարկե, նման որոշումներն անպատասխան չեն կարող մնալ, դա հասկանալի է։ Պատասխան քայլը լինելու է այնպիսին, որ լավագույնս համապատասխանի մեր երկրի շահերին և պաշտպանի մեր քաղաքացիների շահերը»,- ասել է Պեսկովը։
Սպասվում է, որ «վիզային հարցը» կքննարկվի օգոստոսի 30-31-ին Պրահայում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովից ՌԻԱ Նովոստիին ասել են, որ ԵՄ անդամ պետությունները ինքնուրույն կարող են սահմանափակել վիզաների տրամադրումը, սակայն միշտ կլինեն մարդկանց խմբեր, որոնց պետք է վիզաներ տրամադրեն, օրինակ՝ հումանիտար դեպքերում, ԵՄ-ում գտնվող ընտանիքների անդամներին, ինչպես նաև լրագրողներին կամ այլախոհներին:
Վերջին ժամանակներս եվրոպական մի շարք երկրներում կոչեր են հնչում արգելել բոլոր ռուսաստանցիների մուտքը Շենգենյան համաձայնության երկրներ։ Նման արգելքին աջակցում է Էստոնիան, իսկ Ֆինլանդիայի կառավարությունում ավելի վաղ հայտարարել են, որ երկիրը սեպտեմբերի սկզբից կիսով կկրճատի Ռուսաստանում վիզաների համար ընդունվող դիմումների թիվը՝ հասցնելով օրական մինչև 500-ի: Բացի այդ, Լատվիայի խորհրդարանն ընդունել է հայտարարություն, որում ԵՄ երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:
Գերմանիայի կառավարությունն ավելի վաղ քննարկման է դրել հերթական պատժամիջոցների փաթեթի շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման արգելքի մասին ԵՄ որոշման նախագիծը: Ընդ որում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ դժվարությամբ է պատկերացնում նման արգելքի կիրառումը։