ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Նիգերիան աշխարհի առաջին երկիրը դարձավ, որը արգելեց սպիտակամորթ մոդելներին նկարահանվել գովազդային արշավներում և տեսահոլովակներ հնչյունավորել։ Այս թեմայով հոդված է հրապարակել Times ամսագիրը։
Սահմանափակումները ուժի մեջ կմտնեն այս տարվա հոկտեմբերից։ Այս միջոցին դիմել են աջակցելու համար տեղի պրոֆեսիոնալներին, որոնք գտնվում են պահանջված օտարերկրյա մանեկենուհիների և դերասանների ստվերում։
Նիգերիայի գովազդային գործակալությունների միության նախագահ Սթիվ Բաբաեկոն պարզաբանել է, որ 10-20 տարվա ընթացքում տեսահոլովակների 50 տոկոսում նկարահանվել են օտարերկրյա մոդելները, իսկ կադրից դուրս բոլոր ձայները բրիտանական ակցենտով են եղել։ Նա վրդովված է, որ ընկերությունները չեն կարողանում մոդելներ և դերասաններ գտնել տեղի բնակչության շրջանում։
«Մենք մոտ 200 մլն ենք։ Ուզում եք ասել, որ գովազդի համար ոչ մի տեղաբնակ մոդել չե՞ք կարողացել գտնել»,- հռետորական հարց է հնչեցրել պարբերականի զրուցակիցն ու հայտարարել, որ այդ որոշումը համապատասխանում է Նիգերիայի ազգային շահերին և ընդունելի է հանրության կողմից։
Ավելի վաղ Նիգերիայի հյուսիսային նահանգ Կանոյում արգելել էին խանութի ցուցափեղկերին մանեկեններ տեղադրել։ Արգելքի հեղինակների կարծիքով` մարդու մարմինը նմանակող կազմվածքի ցուցադրությունը հակասում է իսլամական ուսմունքին և որոշ քաղաքացիների մոտ անպարկեշտ մտքեր է առաջացնում։