Մեխիկոյում փնտրում են մարաթոնի վազորդներին ռոմ խմեցրած տղամարդուն

Մարզիկ
Մեքսիկայի մարզական պաշտոնյաները երկրի դատախազությանը կոչ են արել միջադեպի բազմակողմանի հետաքննություն անցկացնել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Մեխիկոյում անցկացված մարաթոնի կազմակերպիչները դիմել են քաղաքային դատախազություն՝ խնդրելով գտնել և պատժել այն մարդուն, որը գաղտնի ռոմ է լցրել վազորդների համար նախատեսված ըմպելիքի մեջ: Տեղեկությունը հայտնում է «Indeporte» սպորտի ինստիտուտը։
«Ինստիտուտը բողոք է ներկայացրել օգոստոսի 28-ի վաղ առավոտյան նախագահ Մասարիկի պողոտայում տեղի ունեցածի կապակցությամբ, այն է` ակնհայտորեն ալկոհոլային ազդեցության տակ գտնվող մի մարդ հեղուկ է խառնել «Gatorade» ընկերության ըմպելիքին»,-ասված է հայտարարության մեջ:
Հարբած քաղաքացին նկարահանել է իր գործողությունները։ Սոցցանցերում տարածված տեսանյութում նա կուբայական ռոմ է լցնում մեկանգամյա օգտագործման թղթե բաժակների մեջ, որոնք մարաթոնյան երթուղու հատվածներից մեկում դրված են եղել մարզիկների համար:
Ըստ տեղեկությունների` «Gatorade» ընկերության աշխատակիցները հայտնաբերել են չարագործին, բայց նա չի ձերբակալվել։ Բոլոր «աղտոտված» բաժակները ոչնչացվել են։
Մարզական պաշտոնյաները դատախազությանը կոչ են արել սպառիչ հետաքննություն անցկացնել՝ կիբեռոստիկանության և քաղաքային վերահսկողության C5 համակարգի ներգրավմամբ: