Մարմնամարզիկ Մերդինյանը կմասնակցի Լիվերպուլում կայանալիք աշխարհի առաջնությանը

Հարություն Մերդինյանը մարզվելիս. Արխիվային լուսանկար
38-ամյա Եվրոպայի չեմպիոնը որոշել է կանգ չառնել և, անկախ տարիքից, շարունակում է քրտնաջան մարզվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որն օրերս դարձավ Եվրոպայի չեմպիոն, պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը կկայանա սեպտեմբերին Լիվերպուլում։
Չեմպիոնը 38 տարեկան է, սակայն, անկախ տարիքից, աշխատում է լավ մարզական վիճակ պահպանել։
«Կարևոր է տարիքին չնայելը։ Երբ հաշվիես առնում, թե քանի տարեկան ես, տրամադրվածությունդ փոխվում է։ Ու օրգանիզմդ էլ սկսում էայդ տարիքի սահմաններում մտածելու աշխատել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում իր մարզական երկարակեցության գաղտնիքն է բացահայտել Հարությունը։
Մարզիկը խոստովանել է, որ տարիքային խոչընդոտները նրան օգնել են հաղթահարել մարզիչները։ Հավաքականի գլխավոր մարզչի և իր անձնական մարզչի հետ խորհրդակցություններից հետո որոշել են փոխել վարժությունների որոշ տարրեր` շեշտը դնելով ոչ թե բարդության վրա, այլ կատարման մաքրության, և դա դրական արդյունք է տվել։

«Քաջ գիտակցում եմ, որ Լիվերպուլում կայանալիք առաջնությանը բավական լարված մրցակցություն է սպասում, քանի որ պայքարի մեջ են մտնելու ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի մարզիկները։ Սակայն կանեմ ամեն բան, որպեսզի մաքուր կատարեմ վարժություններս և նոր հաջողությունների հասնեմ։ Եթե զգում եմ, որ ֆիզիկապես պատրաստ եմ, ինչո՞ւ չմասնակցել»,- նշել է Մերդինյանը։

Նրա խոսքով` երբ Հայաստանում նոր մարզադպրոց բացվի` ժամանակակից մարզասարքերով, մեր մարզիկները ավելի լավ կբացահայտեն իրենց ներուժը։