ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լիտվան փետրվարի վերջից ի վեր 153 մլն եվրոյի սպառազինություն է ուղարկել Ուկրաինա, իսկ Լատվիան՝ 300 մլն եվրոյից ավելի ռազմական օգնություն։ Տեղեկությունը հայտնել են բալթյան պետությունների պաշտպանության նախարարությունները։
«Լիտվայի փոխանցած ռազմական աջակցության չափը հասել է 153 մլն եվրոյի։ Ջերմատեսիլ սարքերի և հակադրոնների վերջին մատակարարումները Ուկրաինա են հասել անցյալ շաբաթ»,- Twitter-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։
Նա հայտնել է նաև, որ Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունն ավելի մեծ կլինի հաջորդ շաբաթ Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում դոնոր երկրների հանդիպումից հետո:
Իսկ Լատվիայի կողմից Ուկրաինային հատկացված ռազմական օգնության չափը կրկնակի մեծ է։
«Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինային Լատվիայի կառավարության կողմից ցուցաբերված ռազմական աջակցությունը գնահատվում է մոտավորապես 300 մլն եվրո, իսկ քաղաքացիների, ձեռնարկատերերի և հասարակական կազմակերպությունների նվիրատվությունները կազմում են ավելի քան 15,7 մլն եվրո»,- ասված է Twitter-ում Լատվիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա է հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում` Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։