ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Թեթև արդյունաբերությունն ու նորաձևության ոլորտը կարող են բոլոր առումներով «զարդարել» Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն՝ բացելով Կանանց հայ-ռուսական գործարար ակումբի հանդիպումը Երևանում։
Նրա խոսքով` պատահական չէ, որ հանդիպմանը ներկայացուցիչներ են հրավիրվել Իվանովոյի մարզից և Սանկտ Պետերբուրգից։
«Կարի արդյունաբերության ոլորտում Իվանովոյի մարզի ավանդույթները ներկայացնելու կարիք չկա, իսկ Սանկտ Պետերբուրգը պարզապես Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքը չէ. այն դառնում է նաև նորաձևության օրենսդիրը, դիզայներների և մոդելավորողների կենտրոնը»,-ավելացրեց Դոնչենկոն։
«ԲՏ Պրավո» իրավաբանական ընկերության տնօրեն, Իվանովոյի մարզի «Գործարար Ռուսաստան» բիզնես համայնքի ներկայացուցիչ Ալեքսանդրա Շահգելդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Իվանովոյի մարզի բիզնեսը (և՛ կարի ֆաբրիկաները, և՛ այլ ձեռնարկություններ) շահագրգռված է ինչպես հայկական շուկայում վաճառքների, այնպես էլ կոոպերացիայի զարգացման հարցում։
«Կան ձեռնարկություններ, որոնց հետաքրքրում է համատեղ արտադրությունների զարգացումը։ Հաշվի առնելով լոգիստիկայի հետ կապված այսօրվա բարդությունները, որոնք չեն շրջանցել նաև մեր տարածաշրջանը, արտադրությունը նույն տարածքում տեղակայելը կարող է տնտեսապես արդարացված լինել»,-հավելեց նա։
Իհարկե, մեծացել է նաև հայաստանյան արտահանողների շահագրգռվածությունը Իվանովոյի մարզի առևտրական ցանցեր դուրս գալու հարցում, մանավանդ որ արևմտյան ապրանքանիշներից շատերը լքում են ռուսական շուկան։
«Մատակարարումների ծավալներն արագ ավելացնելու համար որոշ ձեռնարկություններ ցանկանում են զուգահեռ արտադրություններ բացել Ռուսաստանում։ Այնպես որ արտադրությունների տեղակայման նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է»,- նշեց Շահգելդյանը։
Հայ և ռուս մոդելավորողների ներկայացրած հագուստը
© Sputnik / Aram Gareginyan
Հանդիպմանը ներկայացվեցին նաև երկու երկրների մոդելավորողների ստեղծած հագուստն ու աքսեսուարները։
Հայ և ռուս մոդելավորողների ներկայացրած հագուստը
© Sputnik / Aram Gareginyan