Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհն ասֆալտապատվում է

Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Տեղեկացվում է, որ մոտ 7.5 կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6 կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։
Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։
Ճանապարհի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարում է«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝«Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Նշենք, որ նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։