ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՅՈւՆԵՍԿՕ-ն աջակցում է Օդեսայի պատմական կենտրոնը Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու Ուկրաինայի հայտին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն, որն այսօր ՅՈւՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում հանդիպել է կազմակերպության ղեկավար Օդրի Ազուլեի հետ, հայտարարել է, որ Կիևը որոշել է հասնել նրան, որ Օդեսայի պատմական կենտրոնն ընդգրկվի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
«ՅՈւՆԵՍԿՕ-ն Ուկրաինայի խնդրանքով արդեն մոբիլիզացրել է միջազգային փորձագետներին՝ տեխնիկական աջակցություն տրամադրելու և Համաշխարհային ժառանգության կոմիտեի կազմում ընդգրկված երկրների կողմից Ուկրաինայի հայտի քննարկումն ապահովելու համար»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կոմիտեն նաև խորհուրդ է տվել սպառնալիքի տակ գտնվող մշակութային ժառանգության ցուցակում ավելացնել Կիևի և Լվովի՝ արդեն համաշխարհային ժառանգություն ճանաչված օբյեկտները: