ՀՀ-ն բարձր է գնահատում, որ Մինսկի երկրների դեսպանները չեն այցելել Շուշի. Հունանյան

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը. Արխիվային լուսանկար
Վահան Հունանյանը նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանը բարձր է գնահատում Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը մերժած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը: «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նշենք, որ օգոստոսի 27-ին բռնազավթված Շուշիում կայացած խորհրդաժողովի ընթացքում, որին մասնակցել էին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններն անտեսել են Շուշի այցելելու հրավերը:

«Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ ԼՂ-ի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,- ասել է Հունանյանը։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահի օգնականը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի այդ քայլը որակել է որպես «անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»՝ հավելելով, որ ամերիկյան և ֆրանսիական կողմերի կարծիքով հակամարտությունը դեռ ավարտված չէ։