Հերթական ահազանգը. Տաշիր քաղաքում ռումբ կա

ԱԻՆ–ի աշխատակից
Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:
Ըստ հաղորդագրության` կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 17։15-ին։
Ավելի վաղ ԱԻՆ–ը հայտնել էր, որ 2022թ–ի ընթացքում գերատեսչությունը 27 կեղծ ահազանգ է ստացել, որոնց գերակշիռ մասը ստացվել է Երևանի քաղաքապետարանի, ԱԻՆ–ի քարտուղարության էլեկտրոնային հասցեին։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ տեղեկությունը կեղծ է:
Օգոստոսի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԻՆ–ի էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որ «Շիրակ» օդանավակայանում և Գյումրիի երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ ահազանգը նույնպես կեղծ է։