Հանդիպմանն ընդառաջ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ կունենա Փաշինյանի ու Ալիևի հետ

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
Վաղը Բելգիայի մայրաքաղաքում նախանշված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի31-ին Բրյուսելում նախանշված Փաշինյան-Ալիև չորրորդ հանդիպմանն ընդառաջ Եվրամիության նախագահ Շառլ Միշելն այսօր հեռախոսազրույցներ կունենա երկու կողմերի հետ։
Տեղեկությունը ԵՄ նախագահը հայտնել է Twitter-ում. «Նախապատրաստական զանգեր՝ վաղը Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ չորրորդ հանդիպմանն ընդառաջ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։
«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է նա։
Հայկական կողմը Հաջիևի հայտարարությունը չի մեկնաբանել` հոդորելով հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։
Նշենք, որ մինչ այդ, այսօր` օգոստոսի 30-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։