Բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ

Քրիստինե Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսևորում են իրենց արդյունավետության պակասը։ Գրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` անդրադառնալով Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվան։
Այսօր Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևով։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում:
«Ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու ՀՀ կառավարության հետ անհայտ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։
Գրիգորյանը միաժամանակ խստորեն դատապարտել է բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը և կոչ արել միավորել ջանքերն ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու ուղղությամբ։