Բաղդադի կառավարական գոտում գնդակոծությունները շարունակվում են, 30 մարդ զոհվել է. ԶԼՄ

Ցուցարարները Իրաքի խորհրդարանում. Արխիվային լուսանկար
Անվտանգության ուժերը պարզել են, որ հրթիռներն արձակվել են Ալ-Հաբիբա և Ալ-Բալադիյատ շրջաններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Շիա առաջնորդ Մուքթադա աս-Սադրի համախոհները շարունակում են գնդակոծել Բաղդադի կենտրոնում գտնվող կառավարական «կանաչ գոտին», չնայած գործող պարետային ժամին՝ այդ շրջանում պայթյուններ և փոխհրաձգության ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին։
Իրաքի բժիշկների վերջին տվյալներով` ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում զոհվածների թիվը հասել է 30-ի, ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ անվտանգության ծառայությունների 110 աշխատակիցներ, վիրավորվել են։
Բացի այդ, կառավարության անվտանգության ծառայության տեղեկատվական գրասենյակը Twitter-ում հայտնել է, որ այսօր առավոտյան «կանաչ գոտին» գնդակոծվել է 4 հրթիռներով, որոնք բնակելի համալիր են վնասել։
Անվտանգության ուժերը պարզել են, որ հրթիռներն արձակվել են Ալ-Հաբիբա և Ալ-Բալադիյատ շրջաններից։

Ավելի վաղ Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին կարգադրել էր օգոստոսի 30-ը հանգստյան օր հայտարարելու և նախօրեին սահմանած պարետային ժամն անորոշ ժամանակով երկարաձգելու մասին։

Գիշերը Բաղդադում և Իրաքի մի շարք նահանգներում զինված թեժ բախումները շարունակվել են աս-Սադրի համախոհների և կառավարամետ շիական այլ շարժումների, ինչպես նաև անվտանգության ուժերի միջև, չնայած նրան, որ կառավարությունը փորձել է պայմանավորվածության գալ շիա ընդդիմության հետ։
Իրավիճակը Իրաքում սրվեց այն բանից հետո, երբ աս-Սադրը օգոստոսի 29-ին հայտարարեց քաղաքական գործունեության դադարեցման և իր կուսակցության բոլոր գրասենյակների փակման մասին` հաշվի առնելով խորհրդարանի արտահերթ ընտրություններ հրավիրելու վերաբերյալ կառավարությունում կոնսենսուսի բացակայությունը և խորհրդարանում ընդարձակ կոալիցիա ձևավորելու անհնարինությունը այն բանից հետո, երբ նախորդ տարվա աշնանն ընտրություններում հաղթեց իր խմբակցությունը։