ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան կշարունակի աջակցել Կիևին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը զանգել է ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին և շնորհավորել Հաղթանակի օրվա (Թուրքիայի հաղթանակը Դումլուփինարի ճակատամարտում. խմբ.) և Թուրքիայի զինված ուժերի օրվա կապակցությամբ։ Նախարար Աքարը շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը և ընդգծել, որ իրենց աջակցությունն Ուկրաինային կշարունակվի»,- նշվում է Թուրքիայի ռազմական գերատեսչության Twitter-յան էջում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։