ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունների վերաբերյալ տեղեկություններ կներկայացվեն. ապացուցողական ողջ բազան հավաքված է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի մարզպետարանի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Կտրամադրենք Ուկրաինայի կողմից ատոմակայանի գնդակոծման վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։ Ապացուցողական ամբողջ բազան հավաքված է»,- ասել է Ռոգովը։
Ըստ նրա` ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի հետ կապված մեծ հույսեր կան, կարծում են, որ այն կկատարի իր առջև դրված մասնագիտական խնդիրներն ու կօգնի ապահովել ատոմակայանի անվտանգությունը` երաշխավոր դառնալով ուկրաինական զորքի կողմից գնդակոծությունների դադարեցմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին տեսչական ստուգումներից հետո մտադիր է ԶԱԷԿ-ում մի քանի մարդ թողնել մշտական հիմունքներով։
Օգոստոսի 29-ին Գրոսսին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը ԶԱԷԿ է մեկնում։
«Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի խոշորագույն միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը։ Հպարտանում եմ նրանով, որ գլխավորում եմ այս առաքելությունը»,-գրել է նա Twitter-ի իր էջում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքի հարևանությամբ` Դնեպրի ձախ ափին։ Այն Եվրոպայում ԱԷԿ-ի բլոկների թվով և սահմանված հզորությամբ ամենամեծն է։ Մարտից ատոմակայանը ՌԴ զինվորականների պաշտպանության ներքո է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 186-րդ օրը։