ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Թուրքիան, Մոնտրյոյի կոնվենցիայի ընձեռած իրավունքների համաձայն, հնգապատիկ կավելացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցնելու գինը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Sabah» թերթին։
«2022 թվականի հոկտեմբերի 7-ին նեղուցների անցումներում փարոսների, տարհանման և բժշկական սպասարկման արժեքը հնգապատիկ կավելանա, իսկ շահույթը, որն այսօր 40 մլն դոլար է կազմում, կհասնի 200 մլն դոլարի։ Ըստ Մոնտրյոյի համաձայնագրի` Թուրքիան Ստամբուլի նեղուցով անցնող և Չանաքկալեի (Դարդանել) նեղուց մտնող և դուրս եկող նավերից փարոսների, տարհանման և բժշկական սպասարկման համար գումար գանձելու իրավունք ունի»,- գրում է թերթը։
Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն պահպանում է առևտրային նավերի` նեղուցներով անցնելու ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական պայմաններում, սակայն բոլորի համար տարբեր պայմաններ են գործում։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի ներկայությունը 3 շաբաթ ժամկետով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան կարող է արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։