Ավելի ճիշտ կլինի, որ կառավարությունն իր իրավասության սահմաններում զբաղվի երթևեկության արդյունավետ կազմակերպմամբ` ստեղծելով այնպիսի միջավայր, որ վարորդների մոտ խախտում կատարելու միտում չլինի, այլ ոչ թե մտածեն, թե ինչպես անեն, որ մարդկանց պատժեն և խախտումների մասին տարբեր եղանակներով ծանուցեն նրանց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի օգոստոսի 29-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ առաջարկեց, որպեսզի ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների դեպքում վարորդներն այդ մասին ծանուցվեն նաև SMS հաղորդագրությամբ։
«Պետք է մտածել այնպիսի քայլերի մասին, որոնք կնպաստեն խախտումների քանակի նվազմանը, երթևեկության ավելի անվտանգ լինելուն։ Այդ մասով լուրջ անելիքներ ունի թե՛ քաղաքային իշխանությունը, թե՛ կառավարությունը։ Խախտումների վերաբերյալ կան ծանուցման տարբեր եղանակներ` փոստային ճանապարհով, կայքերի միջոցով, և վարորդները կարող են հետևողական լինելու դեպքում այդ ամենի մասին շատ արագ տեղեկանալ։ Ոստիկանությունն արդեն ստեղծել է SMS հաղորդագրությամբ ծանուցում ստանալու հարթակը, բայց դա ներկայացվում է որպես լրացուցիչ, ալ ոչ թե հիմնական միջոց, առավել ևս, որ դատական վեճերի ժամանակ SMS հաղորդագրությունն օրենքով չի համարվում իրավական արգումենտ»,– նշեց Քեյանը։
Նրա կարծիքով` իրավախախտումների դեպքում վարչարարությունը ոչ թե օգնում է ավելի արդյունավետ երթևեկություն ունենալուն, այլ ավելի շուտ հարուցում է խնդիրներ, որովհետև մարդիկ նորմալ չեն տեղեկացվում, հետևաբար պետք է այնպիսի դրույթներ մշակվեն, որպեսզի մարդիկ չծանրաբեռնվեն վարչական վարույթներով ու չբողոքարկեն դրանք, չկատարեն հավելյալ ծախսեր ու չընկնեն «հարկադիրի» ձեռքը։
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարի համոզմամբ` անհրաժեշտ է փոխել թե՛ երթևեկության ձևն ու միջավայրը, թե՛ մոտեցումները, որոնք միտված են մարդկանց գիտակցությունը բարձրացնելուն, մինչդեռ այսօր նույնիսկ գովազդային տեսահոլովակներ չկան` մարդկանց տեղեկացնելու, թե երթևեկության կանոնների խախտումներն ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ, հետևաբար պետք է ակտիվացվեն իրազեկման աշխատանքները, որոնց հիմքում լինեն խախտում չկատարելու գիտակցումն ու հետևողական քարոզը։