«Թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը». ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Մոսկվա-Երևան կապերի ամրապնդումը ծառայում է ժողովուրդների կենսական շահերին և Հարավային Կովկասի կայունությանը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի` երկկողմ փաստաթղթի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Անցած ժամանակահատվածը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման, Հարավային Կովկասի կայունության ամրապնդման նպատակներին», - նշում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` փոխգործակցությունն առաջ է ընթանում ուղղությունների լայն սպեկտրով:
«Անկեղծորեն թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը և մտադիր ենք ամրապնդել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հանուն մեր երկրների և ժողովուրդների բարգավաճման», - ասված է հայտարարության մեջ:
Մոսկվան Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը կարևոր հանգրվան է համարում երկկողմ գործընկերությունը իսկական դաշնակցային մակարդակի բարձրացնելու ճանապարհին:
Երկկողմ ներուժի զարգացման համար որոշիչ նշանակություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարության կանոնավոր վստահելի շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլև համակարգել տարածաշրջանային և միջազգային առանցքային խնդիրների շուրջ դիրքորոշումները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է 2022 թ. ապրիլի 19-20-ը Հայաստանի կառավարության ղեկավարի` Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, հաստատվել է 1997 թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու մտադրությունը:
«Տրամադրված ենք հետագայում ևս առանցքային դաշնակցի դիրքերից օգնել Երևանին պաշտպանունակության և սահմանային անվտանգության ամրապնդման, հարևանների հետ կապերի կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության կարելի է հասնել 2020 թ.նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելու միջոցով»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն:
Գերատեսչությունը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում անվտանգություն ապահովելու գործում առանցքային դեր ունի ռուսական խաղաղապահ զորախումբը: