«Սուրմալուի» տնօրենը հարցաքննվել է. փորձագետները հաշվարկում են գույքային վնասները

«Սուրմալու» առևտրի կենտրոնը պայթյունից հետո. Արխիվային լուսանկար
Դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո հնարավոր կլինի քննարկել տուժողներին քաղաքացիական հայցվոր ճանաչելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Սուրմալուի» պայթյունի փաստով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է առևտրի կենտրոնի սեփականատեր, «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրենը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով գործի ընթացքի մասին արված գրավոր հարցմանը։
Դատախազությունից նաև հայտնեցին, որ նախաքննությամբ արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ ճանաչվել են որպես տուժողներ և վարույթն իրականացնող մարմնին հայտնել են պայթյունի հետևանքով պատճառված վնասի մոտավոր չափեր:
Վնասների իրական չափերը հաշվարկելու համար 15.08.2022թ. նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավարի կողմից որոշում է կայացվել դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային համալիր փորձաքննություն նշանակելու մասին, որի շրջանակներում, փորձագետներին ուղղված հարցադրումներով, առաջարկվել է նաև հաշվարկել գույքային վնասների չափերը:
Ըստ դատախազությունից ստացված պարզաբանման, քննության շրջանակներում հաշվարկվում են ոչ միայն «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ու տարբեր ծառայություններ մատուցող անձանց,այլև հաճախորդներին ու պատահական անցորդներին պատճառված վնասների չափերը։ «Պատճառված գույքային վնասների փոխհատուցման հարցին հնարավոր կլինի անդրադառնալ դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո, երբ հնարավոր կլինի քննարկել տուժողներին քաղաքացիական հայցվոր ճանաչելու հարցը»,– հայտնում են դատախազությունից:
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ անձինք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարից 10 օր անց` օգոստոսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ գույքային վնաս կրած անձանց պարագայում կառավարությունն անելիք չունի։
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցելու այն ծախսերը, որոնք պետք է աներ ապահովագրական ընկերությունը»,- ասել էր Քերոբյանը` հավելելով, որ, եթե «Սուրմալուում» աշխատող գործարարները ժամանակին ապահովագրած լինեին իրենց ապրանքը, այսօր կրած վնասների դիմաց փոխհատուցում կստանային։
Օգոստոսի 29-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ շրջանառության մեջ է դրվել «Սուրմալուի» պայթյունից մահացածների ընտանիքներին և տուժած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը նախագիծը։ Դրա հաստատման դեպքում աջակցություն կտրամադրվի զոհերի ընտանիքներին, ինչպես նաև վիրավորում, խեղում, վնասվածք ստացած այն անձանց, որոնք հիվանդանոցային պայմաններում են բուժում ստացել: