Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը. Արխիվային լուսանկար
Շվեդիան խոստացել է աջակցել նաև ուկրաինական ցորենի գնման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցություն ցուցաբերել։ 1 մլրդ շվեդական կրոն ենք հատկացնում, որը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է», – հայտարարել է Անդերսոնը։
Նա պարզաբանել է, որ հատկացվող միջոցներից 500 մլն կրոնը Կիևին ռազմական օգնության փաթեթն է։ Անդերսոնը նշել է, որ օգնության տվյալ փաթեթը համապատասխանում է Ուկրաինայի կողմից ավելի վաղ ներկայացրած հարցմանը։ Երկրորդ մասն ուղղված է Ուկրաինայի տնտեսության աջակցմանը։
Շվեդիայի վարչապետը հավելել է, որ իրենք Ուկրաինային կօգնեն նաև ցորենի ձեռքբերման հարցում, որը կփոխանցվի պարենային անբավարարություն ունեցող երկրներին և կաջակցի Ուկրաինայի տնտեսությանը։
Նշենք, որ Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային անընդհատ զենք մատակարարելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։