ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն, կքննարկեն նաև Անդրկովկասում ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում և Անդրկովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մոսկվայում օգոստոսի 31-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում ՌԴ-ի և Իրանի համատեղ նախագծերը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Օգոստոսի 31-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, որի ընթացքում կկայանան նրա բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Մոսկվայի բանակցություններում «ենթադրվում է շարունակել շահագրգիռ կարծիքների փոխանակումը մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, իրավիճակն Ուկրաինայում, Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի շուրջ»:
ՌԴ-ն վաղուց է հաստատել իր համաձայնությունը. Լավրովը` ԳՀՀԾ-ի մասին
Նախատեսվում է քննարկել նաև երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համատեղ առանցքային նախագծերի իրականացման համատեքստում: