ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 31-ից Արցախից Հայաստան կապը կիրականացվի նոր միջանցքով` հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։
Այլընտրանքային նոր ճանապարհի մասին որևէ այլ տեղեկություն այս պահին չի հաղորդվում։
«Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը` ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ` կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունը հայտարարել է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու «Բերձորի միջանցքով» երթևեկությունը գործելու է մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։
Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում ապահովելու են ՌԴ խաղաղապահները։
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։