Ներկայիս համաշխարհային համակարգային աշխարհաքաղաքական ճգնաժամում ևս մեկ բաղադրիչ է հայտնվել՝ ամենավտանգավորը, միջուկային բաղադրիչը։ Եվ դա հասկանալի է․ շահերի ու ազդեցության համար պայքարում բախված գերտերությունների գործիքակազմը քիչ է, իսկ միջուկային սպառնալիքը այն է, ինչ պետք է։
Ամեն ինչ սկսվեց դեռ Թրամփի օրոք
Ինչ էլ ասեն՝ փորձագիտական հանրությունը ստիպված է լինելու խոստովանել, որ համաշխարհային ազդեցության համար գլոբալ պայքարում միջուկային բաղադրիչի օգտագործման նախաձեռնողը Միացյալ Նահանգներն է։ Հենց նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ իշխանության ղեկին էր, հանկարծ սկսեց խոսել նոր միջուկային տեխնոլոգիաների մասին, որոնք ԱՄՆ-ն պատրաստվում է կիրառել իր համաշխարհային հեգեմոնիայի համար պայքարում։ Նոր տեխնոլոգիաների իմաստը հասարակության համար այնքան էլ հասկանալի չէր։
Սակայն, ընդհանուր առմամբ, ստացվեց այնպես, որ ամերիկացիները կնվազեցնեն իրենց մարտագլխիկների հարվածային ուժը, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել տարածաշրջանային պատերազմներում։ Երևում է՝ Թրամփին հանգիստ չէին տալիս իր նախորդներից մեկի՝ Թրումենի դափնիները, որը մարդկության պատմության ընթացքում առաջին անգամ օգտագործեց ատոմային ռումբը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ (Հիրոսիմա, Նագասակի)։
Բացի այդ, հենց Թրամփն էր, որ միակողմանի կարգով իր երկիրը դուրս բերեց իրանական «միջուկային» համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), այդպիսով մեկնարկ տալով Իրանի ցենտրիֆուգներում ուրանի հարստացմանը, որը ներկայիս նախագահի վարչակազմը ոչ մի կերպ չի կարողանում կանգնեցնել։ Ստացվեց այնպես, որ իր արարքով ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ից հանելով, Թրամփը սադրեց Իրանին՝ նրան «ցենտրիֆուգերի մրցավազքի» մեջ ներքաշելով։
Չէ՞ որ բարձրաձայն հայտարարելով, թե շարունակում է ուրանի հարստացման գործընթացն ավելի բարձր մակարդակով, քան պահանջում է խաղաղ նպատակների համար, Թեհրանը կարծես պատասխանում է ամերիկյան սադրանքին։ Եվ այդպիսով, իրանական դիվանագիտության հավաստիացումներն այն մասին, թե ինքը չի պատրաստվում միջուկային մարտագլխիկներ պատրաստել, օդում կախված են մնում, կորցնում են համաշխարհային հանրության վրա իրենց գաղափարական ազդեցության առյուծի բաժինը։
Ներկայիս նախագահ Բայդենի վարչակազմը նույնպես «չարի կողմից» է գործում՝ փորձելով նախկին միջուկային համաձայնագրին նոր կետեր ավելացնել նախքան ԱՄՆ-ն ԳՀՀԾ-ի շրջանակներ վերադարձնելը: Բացի այդ, նպատակաուղղված կերպով ձախողում Է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ընդհանուր ամփոփիչ փաստաթղթի ընդունման բոլոր փորձերը։ Ամերիկացիները գիտակցաբար թեժացնում են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, ըստ էության, միջուկային սպառազինությունների գլոբալ պայմանագրի հետ կապ չունի։
«Կեղտոտ խաղեր» և անդրօվկիանոսյան շանտաժ
Հասկանալու համար, թե ինչ է կատարվում, պետք է հաշվի առնել, որ Էներգոդարը՝ Զապորոժիեի ԱԷԿ-ից ոչ հեռու գտնվող քաղաքը, գնդակոծում են հենց ամերիկյան հրթիռներով, իսկ այդ հրթիռների թիրախավորումը համակարգվում է տիեզերքից (այսինքն՝ կրկին ամերիկացիների կողմից)։ Եվ հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ն բացեիբաց միջուկային շանտաժի է դիմում, որպեսզի չստորագրի Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի նորմերը։
Իզուր չէ, որ ռուսական կողմը հենց «Ամերիկացիներ և Co.»-ին է մեղադրում այն բանում, որ նրանք համառորեն պահանջում են անգամ համաձայնագրի շուրջ վերջերս կայացած համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառել «Զապորոժիեի խնդիրը», որը, անկեղծ ասած, ոչ մի կողմով միջուկային զենքի չտարածման հարցի հետ կապ չունի... Բայց պահանջում են, ընդ որում՝ միջազգային հանրության ուշադրությունից հատուկ դուրս թողնելով միջուկային զենքի չտարածման վերաբերյալ (ДСНВ) մի շարք իսկապես կարևոր հարցեր։
Օրինակ այն մասին, որ փաստացի ԱՄՆ-ն միջուկային զենքի օգտագործման համար շատ ավելի մեծ միջոցներ ունի, քան նախատեսված է ДСНВ -3 պայմանագրով։ Այս մասին հայտարարել Է ՌԴ պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամփոփիչ համաժողովում՝ բացատրելով իր երկրի դիրքորոշումը։ Խոսքը միջուկային մարտագլխիկների կրիչների մասին է, որոնց քանակն անհնար է վերահսկել ։
Ինչևէ, Զապորոժիեի էլեկտրակայանի մասին, որի պատճառով սկսվել է ամբողջ խառնաշփոթը, միայն մի բան կարելի է ասել. միջուկային օբյեկտն իսկապես մանրադրամ է դարձել «կեղտոտ» խաղերում, որոնք վարում են Ուկրաինան և նրա անդրօվկիանոսյան համակարգողները։ Չէ՞ որ տրամաբանորեն Զապորոժիեի ԱԷԿ-ը իսկապես կարող է լուրջ վտանգ ներկայացնել, եթե ռմբակոծվի, իսկ այն հրթիռային հարվածների ենթարկում է հենց ուկրաինական կողմը և հենց ամերիկյան զենքով։
Մեկ այլ վտանգ են հոսանքի տատանումները, երբ կրկին ուկրաինական դիվերսիոն խմբերը պայթեցնում են բարձրավոլտ գծերի հենասյուները, և արտակարգ իրավիճակ է ստեղծվում։ Իսկ ռուսական կողմը հաստատ շահագրգռված չէ իրավիճակի նման զարգացմամբ։
Հարկ է նշել նաև, որ միջուկային սպառնալիքն ինչ-որ պահի կարող է իսկապես արդյունավետ գործիք դառնալ այն երկրի զինապահեստում, որը նպատակ է դրել բոլոր արդար ու անարդար ճանապարհներով պահպանել գլխավոր գերտերության, ինչպես հիմա է ընդունված ասել՝ համաշխարհային հեգեմոնի կարգավիճակը։
Վտանգավոր «խաղալիքներ»
Եթե ներկայիս ծանրագույն համաշխարհային ճգնաժամին այդ տեսանկյունից նայենք, ապա ակնհայտ է դառնում գլխավորը. պարտադիր չէ, որ միջուկային սպառնալիքը միջուկային մարտագլխիկի կիրառումը լինի։ Այն կիրառելու սպառնալիքն էլ բավական է։ Կամ էլ այլ ատոմային ապոկալիպսիս ստեղծելու, օրինակ՝ նույն Զապորոժիեի ատոմակայանում արտակարգ իրավիճակ ստեղծելու սպառնալիքը։ Եվ դրանով բնավ էլ Ռուսաստանին չեն շանտաժի ենթարկում, այլ միջազգային հանրությանը, որը դեռ հիշում է Չեռնոբիլը։
Ամեն դեպքում արդեն հայտնի է, որ ծամծվող գործը՝ կապված Զապորոժիե ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովի այցելության հետ, կարծես թե ավարտվում է։ Եվ այցի հստակ ժամկետն արդեն նշանակված է։ Իհարկե հետաքրքիր է, թե միջուկային Էներգետիկայի միջազգային գործակալության մասնագետներն ինչպես կմեկնաբանեն հենց ամերիկյան հրթիռների բեկորները, որոնք ընկած են ամբողջ Էներգագոդարի տարածքում:
Մյուս կողմից, եթե նրանք ոչ մի կերպ չեն համաձայնվում այն տրամաբանության հետ, ըստ որի՝ Ռուսաստանին պարզապես պետք չէ գնդակոծել ու ռմբակոծել Զապորոժիեի ԱԷԿ-ը հսկող իր իսկ զորքերը, ապա այստեղ էլ, հավանաբար, կարող են ինչ-որ բան կիրառել «տրամաբանությունից դուրս» PR-զինանոցից։ Այդպես արդեն վարվել են (և շատ անգամ) ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները, երբ Իրան հանձնաժողովներ էին ժամանում այն նույն «միջուկային գործարքի» մշակման շրջանակներում, որը հետո ԱՄՆ-ն պարզապես լքեց:
Միջուկային զենքը (կամ «ատոմային շանտաժի» ցանկացած այլ տեսակ) շխշխկացնելու ցանկությունն առաջանում է առաջին հերթին այն ժամանակ, երբ զինանոցում եղած մնացած ամեն ինչն արդեն անարդյունավետ է։ Եվ այդ առումով ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ պետք է հասկանալ, որ կողմերի խաղադրույքերն այնքան են աճել, որ զինանոցներից դուրս են բերում արդեն ամենավտանգավոր «խաղալիքները»՝ միջուկային ազդեցության սպառնալիքներն ու ատոմային շանտաժը։
Լավ է, որ Ուկրաինան ԽՍՀՄ-ի գոյության 70 տարվա ընթացքում կարողացել է մի քանի ԱԷԿ ձեռք բերել՝ Ռովենսկի, Խմելնիցկի, Հարավուկրաինական և Զապորոժիեի (Չեռնոբիլի մասին լռում ենք), ինչը լայն դաշտ է տալիս այդպիսի «կեղտոտ խաղերի» համար։ Սակայն անդրօվկիանոսյան համակարգողները պետք է հաշվի առնեն, որ այդ խաղերն ավելի քան վտանգավոր ու աղետալի են, քանի որ այդպիսի միջուկային շանտաժն ամեն պահի կարող է ապոկալիպսիսի վերածվել։