Մասնակցում են նաև Ճապոնիան և Շվեդիան. «Noble partner» զորավարժությունները Վրաստանում

Noble partner
Վրաստանում այս վարժանքներն անցկացվում են արդեն վեցերորդ անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ անցկացվող «Noble partner 2022» բազմազգ զորավարժությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
«Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին շնորհավորել է Վրաստանի, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների և զորավարժություններին մասնակցող գործընկեր երկրների զինծառայողներին միջազգային զորավարժությունների մեկնարկի կապակցությամբ և իր ելույթում կարևորել գործընկերների հետ համագործակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վրաստանում այս վարժանքներն անցկացվում են արդեն վեցերորդ անգամ։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների և դաշնակից երկրների պատրաստվածությունն ու օպերատիվ համատեղելիությունը Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ իրադրության ապահովման համար:

Պատմության մեջ առաջին անգամ այս տարի զորավարժություններին մասնակցում են Ճապոնիայի և Շվեդիայի զինված ուժերի ներկայացուցիչները: Բազմազգ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 2400 զինծառայող։
Այս տարվա զորավարժությունների մասնակիցներն են Վրաստանը, ԱՄՆ-ը, Բուլղարիան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Սլովակիան, Նորվեգիան, Հունգարիան, Լիտվան, Ադրբեջանը, Գերմանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Էստոնիան, Լեհաստանը, Ճապոնիան, Լիտվայի բազմազգ բրիգադը, Լեհաստանը, Ուկրաինան և Շվեդիան: