ՄԱԳԱՏԷ-ի մի քանի աշխատակիցներ կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում. Ուլյանով

Միխայիլ Ուլյանով. Արխիվային լուսանկար
Առաքելությունն արդեն ուղևորվել է Զապորոժիե, և Ուլյանովի խոսքով` ճանապարհը երկար կտևի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադիր է մի քանի հոգու թողնել Զապորոժիեի ԱԷԿ-ում մշտական հիմունքներով աշխատելու համար։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։
Ավելի վաղ Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։

«Դեպի Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բաղկացած է գործակալության քարտուղարության մոտ մեկուկես տասնյակ աշխատակիցներից, որոնք զբաղվում են երաշխիքների և միջուկային անվտանգության խնդիրներով։ Նրանց ուղեկցում է լոգիստիկայի և անվտանգության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի աշխատակիցների մեծ թիմը»,- ասել է Ուլյանովը։

Նա նաև հավելել է, որ առաքելությունը Զապորոժիե է ուղևորվել օգոստոսի 29-ի առավոտյան, և ճանապարհը երկար է տևելու։
Ուլյանովի խոսքով, Մոսկվան հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը թույլ կտա ցրել Զապորոժիեի ԱԷԿ-ում անբարենպաստ իրավիճակի մասին բազմաթիվ շահարկումները։