ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ–ի առաքելության առաջիկա այցը Էներգոդար` Զապորոժիեի ատոմակայան, խուճապի է մատնել Կիևի իշխանություններին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։
«Այցը կկայանա այս շաբաթ, եթե կիևյան ռեժիմը չտապալի այն։ Զելենսկին ու նրա թիմը խուճապի մեջ են։ Եթե ՄԱԳԱՏԷ–ի առաքելությունը ժամանի, ապա ամբողջ աշխարհը կիմանա, թե ով է գնդակոծում կայանը, ինչու են այնտեղ արգելված փորձարկումներ անցկացվել, ինչպես են Զապորոժիեի մարզի բնակիչները ձգտում, որ տարածաշրջանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ»,– ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` առաջիկա այցի ֆոնին ուկրաինական զորքն արդեն զգալիորեն ուժեղացրել է Էներգոդարի խաղաղ թաղամասերի և ատոմակայանի տարածքի ուղղությամբ գնդակոծությունները, որպեսզի ցույց տա, որ անվտանգություն լինել չի կարող և այնտեղ գնալ չարժե։
«Գնդակոծելով Էներգոդարն ու մյուս բնակավայրերը` Զելենսկու ռեժիմը բնակչությունից վրեժ է լուծում Ռուսաստանի կազմում ապրելու և ՌԴ քաղաքացի դառնալու ցանկություն հայտնելու համար»,– նշել է Ռոգովը։
Հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի մարզն ու Զապորոժիեի մարզի մերձազովյան հատվածը։ Երկու շրջաններում էլ նոր վարչակազմեր են ձևավորվել, հեռարձակվում են ռուսական հեռուստաալիքներ և ռադիոկայաններ, վերականգնվում են առևտրային և տրանսպորտային կապերը Ղրիմի հետ: Տարածաշրջանները հայտարարել են Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մտադրության մասին։ Բացի այդ, ութ տարի անց ապաշրջափակվել է Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, ջուրը կրկին հասնում է թերակղզի։