ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջության մակարդակն ամբողջությամբ վերականգնվել է, և հուլիսին ՀՀ է եկել նույնքան զբոսաշրջիկ, որքան 2019-ին։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«ՀՀ-ի զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացրել ենք 4 կարևոր ուղղություն` բնություն, արկածային և մշակութային զբոսաշրջություն և գաստրոտուրիզմ։ Սրանց հիման վրա էլ զարգացնելու ենք մեր զբոսաշրջության բրենդը»,- ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` զբոսաշրջությունն առանցքային արտահանվող ճյուղերից մեկն է, քանի որ ՀՀ-ն այդկերպ ծառայություններ է արտահանում, ինչպես նաև ապահովում է էական արտարժութային ներհոսք։ Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, կարևոր է համաչափ զարգացման, աղքատության կրճատման և այլ խնդիրներ լուծելու համար։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողոսյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս տարվա հուլիսի վերջի տվյալներով ՀՀ է եկել 700 000 զբոսաշրջիկ, ինչը 2 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն նախաքովիդյան ժամանակաշրջանի` 2019-ի ցուցանիշին, զիջում է 200 000-ով։
Նրա խոսքով` այս տարի Հայաստան ամենաշատը եկել են ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄՆ-ից։
«Մենք հիմա Համաշխարհային բանկի հետ ենք համագործակցում ենթակառուցվածքները բարելավելու համար։ 46 նախագիծ ունենք։ Ենթակառուցվածքների հետ կապված՝ զբոսաշրջիկների բողոքները լսել ենք, և մենք էլ գիտենք, որ առանց դրանք զարգացնելու չենք կարող շատ առաջ գնալ։ Աղտոտվածության հարցով էլ ուզում ենք քայլեր անել` քաղաքապետարանի հետ ենք հարցը քննարկել` աղբը փչացնում է տպավորությունը»,- ասաց Պողոսյանը։
Նա հայտնեց նաև, որ մինչև տարեվերջ Գերմանիայում, Ֆրանսիայում, Դուբայում և ԱՄՆ-ում ծրագրեր պետք է կյանքի կոչեն դիջիթալ մարքեթինգի հետ կապված։ Ըստ Պողոսյանի` Հայաստանը կներկայացվի սոցցանցերի այն հարթակներում, որոնցում միայն զբոսաշրջության մասին նյութեր են։
Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը հավելեց` այս պահին զբոսաշրջիկներին Հայաստանը պետք է ներկայացնեն մշակույթի, արշավների, արկածային տուրիզմի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրավիրված ասուլիսի ժամանակ Պողոսյանը հայտնել է` ՀՀ այցելուների կեսից ավելին՝ մոտ 56 տոկոսը, ռուսաստանցիներ են։ Նրա խոսքով` աշխատանքներ են տարվում Ֆրանսիայից և ԱՄԷ-ից զբոսաշրջիկների թվի ավելացման ուղղությամբ, քանի որ այս երկրների նկատմամբ հետաքրքրություն կա։