Հայաստանում և Արցախում բարձր են գնահատում ՌԴ-ի դերը խաղաղության ամրապնդման գործում. ԱԳՆ

Պաշտոնական Երևանը նաև երախտագիտություն է հայտնել ռուս խաղաղապահների առանձնահատուկ դերակատարության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է ընդունել Ռուսաստանի Դաշնության հետ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայամանագրի կնքման 25-ամյակի առթիվ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։
«Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը: Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Երևանը նաև երախտագիտություն է հայտնել ռուս խաղաղապահների առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար։