ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Երկու մարդ վիրավորվել է Բաղդադի «Կանաչ գոտում» տեղի ունեցած հրաձգության ընթացքում, որտեղ բողոքի ցույցեր են անցկացնում ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցները: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
«Երկու մարդ է վիրավորվել Բաղդադի «Կանաչ գոտում» տեղի ունեցած հրաձգության ընթացքում, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացնում աս-Սադրի կողմնակիցները»,-հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին:
Այս պահին պարզ չէ, թե ով է կրակ բացել ցուցարարների վրա։
Տեղական պարբերականները գրում են, որ Իրաքի ուժայինները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Բաղդադի հանրապետական պալատը, աս-Սադրի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Իրաքցի շիա ազդեցիկ քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի»։ Ցուցարարները մտել են նաև Իրաքի կառավարության հանրապետական կենտրոնակայան, որը գտնվում է «Կանաչ գոտում», որտեղ և բախումներ են տեղի ունեցել նրանց և իրավակարգի ուժերի միջև:
Այսօր աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաները խորհրդարանում, հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական գործիչը նաև ակնարկել է, որ իրեն կարող են սպանել:
Իրաքի իշխանությունները հայտարարել են Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ սահմանելու մասին, որպեսզի դադարեցնեն անկարգությունները:
Բաղդադում հուլիսի վերջին վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և հայտարարել, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ էր արել ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ արտահերթ ընտրությունների օր որոշել։ Սակայն Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր։
Ցույցերն սկսվել են վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո, որը «Համակարգող հարթակ» դաշինքից թեկնածու է և խորհրդարանում ներկայացնում է շիական հիմնական կուսակցությունները՝ բացառությամբ աս-Սադրի դաշինքի և նրա կողմնակիցների: