Արզականում իր կնոջը սպանած և 2 անձի դանակահարած տղամարդուն փնտրում են

Հանցագործության գործիք հանդիսացող 2 դանակները հայտնաբերվել են։ Միջոցառումներ են ձեռնարկվում 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Արզական գյուղի 35-ամյա բնակչուհու սպանության և նույն գյուղի 57-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 46–ամյա տղամարդուն փնտրում են։ Տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արզական գյուղի 46-ամյա բնակիչը սպանել էր իր կնոջն ու դանակի հարվածներ հասցրել հարևանությամբ ապրող ամուսիններին։
Նշվում է, որ սպանության փորձ կատարելու դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է օգոստոսի 27-ին՝ ժամը 05:40-ին, նշված գյուղի բնակչուհուց, որը տեղեկացրել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իրենց հարևանը՝ 46-ամյա տղամարդը, բաց պատուհանով մտել է իրենց ննջասենյակ, ծեծի ենթարկել ամուսնուն, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրան` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում դանակով մեկ հարված է հասցվել նաև իր աջ արմնկային հատվածին, որից հետո հարևանը, դանակը գցելով, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանության փորձ) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)։
Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:
Հիշյալ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (Սպանություն`մերձավոր ազգականի կողմից), որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող 2 դանակ և արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Միջոցառումներ են ձեռնարկվում 46-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ: