Արցախ-Հայաստան նոր երթուղու գործարկման ժամկետը փոխվել է

Բերձոր տանող ճանապարհ
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱԽ նիստ է կայացել։ Որոշում է կայացվել ավելի շուտ սկսել նոր միջանցքով երթևեկությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանի հետ կապը նոր երթուղով իրականացնել օգոստոսի 30-ից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Այսօր առավոտյան Արցախի ՆԳ նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 31-ը ներառյալ Արցախից Հայաստան կապը կիրականացվի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով։
Այժմ նշվում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

«Նիստի մասնակիցներն ընդգծել են նոր ճանապարհի անվտանգային հարցերի ու քաղաքաշինական նորմերի հետ կապված երաշխիքների ապահովումը, և այդ ուղղությամբ պետական կառույցների ու Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության փոխգործակցված աշխատանքի կարևորությունը: ԱԽ-ն որոշում է կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից ՀՀ հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նիստում նշվել է, որ երթուղին Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են:
Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։
Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։