Ամերիկյան կողմի հետ համագործակցությունն աղերս չունի կենսաբանական զենքի հետ. ՀՀ ԱԽ

Արխիվային լուսանկար
Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ ՀՀ-ն խրախուսում է «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան կողմի հետ համագործակցությունը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և ոչ մի աղերս չունի կենսաբանական զենքի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ անվտանգության խորհուրդը` անդրադառնալով Կենսաբանական վտանգների նվազեցման ծրագրի շրջանակում համագործակցությանը։

«Այս համագործակցությունները մեր երկրներում պաշտպանում են մարդկանց և կենդանիների առողջությունը` ներառյալ վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխարգելումը, հայտնաբերումը և վերահսկումը։ Դրա շնորհիվ բարելավում են տեղական լաբորատորիաների կենսաապահովությունը և կենսաանվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ-ն խրախուսում է «Կենսաբանական զենքի մասին» կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններին` ի պաշտպանություն միասին աշխատելու նպատակի։
Հիշեցնենք, որ հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, թե Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաները 100%-ով երկրի սեփականությունն են, չնայած որ ստեղծվել են ԱՄՆ աջակցությամբ։ Նրա խոսքով` թեմայի շուրջ քննարկումները եղել են 2018 թվականին, և առաջին անգամ մտահոգություններ են բարձրացրել ՌԴ գործընկերները, ինչի կապակցությամբ այցելություններ ու քննարկումներ են եղել։ Արդյունքում որևէ մտահոգություն չի եղել։