ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալված անձանցից 3-ը կալանավորվել են, իսկ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պայթյունի հետևանքով ձերբակալվածների թվում են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը, պայթած տարածքի վարձակալը և պահեստի երկու շահագործողները։
Փոխտնօրենն ու պահեստի վարձակալը մեղադրվում են հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք (ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Պահեստը շահագործողները մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձի կյանքից զրկելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մաս)։
Հայտնի է դարձել, որ պայթյունը եղել է պայթուցիկների պահեստում։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել էին սգո օրեր։