ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Կիևը կրկին հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը Զապորոժիեի ատոմակայանում շարունակում է սադրանքները` տեխնածին միջուկային աղետի վտանգ ստեղծելու նպատակով: Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի երկու հրետանային ստորաբաժանումները գնդակոծել են ատոմակայանի տարածքը»,– նշված է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ արձակվել է 9 արկ, որից 3–ն ընկել է թիվ 2 հատուկ շենքի տարածքում, որտեղ պահվում են նոր միջուկային վառելիք և ռադիոակտիվ պինդ թափոններ։ Հարվածների հետևանքով բեկորները դիպել են խողովակաշարերին։
Երկրորդ գնդակոծության հետևանքով մեկ արկ ընկել է 6-րդ էներգաբլոկի տարածքում, իսկ մյուս հինգը՝ վեցերորդ բլոկի պոմպակայանի դիմաց, որն ապահովում է այս ռեակտորի հովացումը։
«Ուկրաինական հրետանու կողմից ատոմակայանի հրետակոծությունն իրականացվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարևկա բնակավայրի տարածքից։ Հակամարտության ժամանակ Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են ԱԷԿ-ի վրա։ Կրակը ճնշվել է պատասխան հարվածով»,- հայտնել են նախարարությունից։
Այժմ անձնակազմը վերահսկում է ատոմակայանի տեխնիկական վիճակը և ապահովում դրա շահագործումը։ Ատոմակայանի տարածքում ռադիացիոն իրավիճակը մնում է նորմայի մեջ։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: