ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների հետևանքով կարճաժամկետ հեռանկարում լուրջ խնդիրների առջև կհայտնվի։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը. հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Kronen Zeitung թերթի լրագրողը Բորելի հետ զրույցում նշել է, որ Ավստրիայի բնակչության մի մասը թերահավատորեն է վերաբերվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Սրանք սահմանափակող միջոցներ են: Մենք սահմանափակում ենք Ռուսաստանի տնտեսական հնարավորությունները: Քանի դեռ ռուսական տնտեսությունը կախված է նավթից և գազից, նրանց պետք կգա մեր տեխնոլոգիան: Եվ իհարկե, կարճաժամկետ հեռանկարում մենք լուրջ խնդիրների առջև կհայտնվենք։ Չի կարելի հերքել, որ գազը թանկանում է։ Սակայն մենք պետք է պատրաստ լինենք վճարելու ազատության գինը»,- ասել է Բորելը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 185-րդ օրը։