ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ամերիկյան Dell Technologies ընկերությունը հայտարարել է Ռուսաստանի տարածքում արտադրական բոլոր քայլերի դադարեցման և երկրում ներկայացուցչության փակման մասին: Այս մասին գրում Է Reuters-ը։
Սերվերների և համակարգչային տեխնիկայի արտադրողը Ռուսաստանում և Ուկրաինայում վաճառքները դադարեցրել էր դեռևս փետրվարին՝ հայտարարելով, որ կհետևի իրավիճակի զարգացմանը:
«Օգոստոսի կեսերին մենք փակել ենք մեր գրասենյակները և դադարեցրել ենք բոլոր գործողությունները Ռուսաստանում»,-գործակալությանը հայտնել է տեխնոլոգիական հսկայի ներկայացուցիչ Մայք Սիմյենասը:
Dell-ի ռուսական գրասենյակի փակմամբ աշխատանքից հեռացրել են նաև բոլոր աշխատակիցներին։ Նշվում է, որ նախագծողների և ինժեներների մեծ մասն արդեն այլ ընկերություններում աշխատելու առաջարկներ է ստացել:
Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո արևմտյան բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գործունեությունը Ռուսաստանում։ Մի շարք ձեռնարկություններ հայտարարել են ռուսական շուկայից լիակատար հեռանալու մասին։
Կրեմլում պատժամիջոցներն անվանել են տնտեսական պատերազմ, որի նմանը դեռ չի եղել։ Ռուսաստանի իշխանություններն ընդգծել են, որ պատրաստ են իրադարձությունների նման զարգացմանը։