Ուկրաինական զորքերի 20 հարվածից 5-ը Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքին են բաժին հասել

Արտակարգ ծառայություններն օպերատիվ պատրաստության մեջ են գտնվում քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերելու և Դնեպրի հակառակ ափից գնդակոծությունների հետևանքները վերացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի զորքերը շաբաթ օրը Էներգոդարին հրետանային 20 հարված են հասցրել, դրանցից 5-ը` Զապորոժիեի ԱԷԿ-ին։ Այս մասին հայտնել են քաղաքային իշխանությունները։

«Կրակը, նախնական տվյալներով, սկսվել է առավոտյան 09:37-ից 155 մմ տրամաչափի ամերիկյան հրետանային զենքից։ Անցած գիշերվա ընթացքում արձանագրվել է հրետանային 20 հարված Էներգոդար քաղաքի շրջանում, որից 5-ը` անմիջապես Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքին»,- ասվում է քաղաքապետարանի Telegram ալիքում։

Արտակարգ ծառայություններն օպերատիվ պատրաստության են բերված՝ քաղաքացիներին շտապ օգնություն ցուցաբերելու և Դնեպրի հակառակ ափից գնդակոծությունների հետևանքները վերացնելու համար։ Քաղաքապետարանից հայտնել են, որ ներկա պահին տուժածներ չկան։
Հիշեցնենք, որ ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանի հարակից տարածքը։
Ուկրաինական ԶՈւ–ի հարվածից խափանվել է Զապորոժիեի ԱԷԿ-ից Դնեպր տանող վերջին հաղորդման գիծը
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 184-րդ օրը։