Տնտեսական աճը գերազանցում է ՀՀ-ի իրական պոտենցիալը. տնտեսագետը դանդաղում է կանխատեսում
Տնտեսագետները հակված են վերլուծությունների համար հիմք ընդունել տարեկան ցուցանիշները։ Իսկ դրանք Հայաստանում դեռ բավական լավատեսական են։
SputnikԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Այս տարվա հուլիս ամսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունը 19.4-տոկոսանոց աճ է գրանցել։
Մինչդեռ օրերս հրապարակված նոր վիճակագրությունը ցույց տվեց, որ հուլիսին տնտեսական աճի տեմպը բավական դանդաղել է` հունիսին գրանցված 16.8 տոկոսի փոխարեն ընդամենը 8.5-տոկոսանոց աճ գրանցելով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծելով տնտեսական ցուցանիշների վիճակագրական պատկերը` «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը նման դանդաղումը բնականոն գործընթաց անվանեց։ Ավելին` հուլիսին նկատված դանդաղումը, նրա կանխատեսմամբ, կարող է շարունակվել նաև առաջիկա ամիսներին ու նույնիսկ հաջորդ տարի։
Բանն այն է, որ վերջին 1 տարում Հայաստանի տնտեսության գրանցած շուրջ 20-տոկոսանոց աճը, Նարեկ Կարապետյանի դիտարկմամբ, մեր երկրի տնտեսության իրական պոտենցիալից շատ ավելի բարձր է։ Այլ կերպ ասած` տնտեսությունն աճել է ավելի, քան կարող էր։
«Այդ տեսակետից` մենք եթե ապագա ամիսներին ու նաև մյուս տարի տեսնենք որոշակի աճի դանդաղման պրոցեսներ, դրանք միանգամայն բնականոն կլինեն, որովհետև մեր տարեկան աճը 20 տոկոսի է հասել, ու, եթե մենք պատմականորեն նայենք, այդպիսի աճի ցուցանիշ մենք երևի թե անկախության շրջանում չենք ունեցել։ Այս պայմաններում աճն աստիճանաբար պետք է դանդաղի ու հասնի այն մակարդակին, որը համահունչ է տնտեսության հնարավորություններին»,- ասաց Կարապետյանը։
Հատկանշական է, որ տնտեսության ճյուղերից վերջին 1 ամսում հատկապես մեծ դանդաղում են գրանցել ներքին առևտուրն ու ծառայությունները։ Եթե հունիսին մայիսի համեմատ առևտրաշրջանառութունը 12.8-տոկոսանոց աճ էր ունեցել, իսկ ծառայությունները` 8-տոկոսանոց, ապա հուլիսին հունիսի համեմատ առևտուրն աճել է ընդամենը 3.5 տոկոսով, իսկ ծառայությունները 8.3 տոկոս անկում են ունեցել։
Ծառայությունների ոլորտի այս պատկերը նույնպես, Նարեկ Կարապետյանի մեկնաբանմամբ, կարող է պայմանավորված լինել նախորդող ժամանակահատվածում` 2021թ-ից ի վեր ոլորտում արձանագրված բավական արագ աճով։
«Այս փոքր դանդաղումները կարող են պայմանավորված լինել բազային էֆեկտով, օրինակ` նրանով, որ 2021թ-ի ամռանը ծառայություններն ավելի բարձր մակարդակ ունեին, քան 2021թ-ի մարտին, որովհետև հետքովիդյան վերականգնման գործընթաց էր գնում։ Ու այդ պայմաններում բազային էֆեկտի ազդեցության ներքո այս ամիս ցուցանիշը փոքր-ինչ ավելի դանդաղ է աճում»,- ասաց տնտեսագետը` հիշեցնելով, որ չնայած վերջին ամսվա անկմանը, ոլորտի տարեկան աճը դեռ պահպանվում է 30 տոկոսի սահմաններում։
Միաժամանակ, Կարապետյանը չի բացառում, որ կոնկրետ այս ոլորտում դիտված դանդաղումը պայմանավորված լինի հուլիսին նախորդ ամիսների համեմատ զբոսաշրջային հոսքերի որոշակի կրճատմամբ։ Ընդ որում` տենդենցը կարող է պահպանվել նաև օգոստոսին ու տարվա հաջորդ ամիսներին։
«Առաջիկա ամիսներին էլ տեսնելու ենք աճի դանդաղում։ Հնարավոր չէ, որ ծառայությունները մեկ տարվա ընթացքում 1/3-ով անընդհատ ավելանան։ Սա կարող է դիտվել մեկանգամյա պոզիտիվ գործոնի ադեցության ներքո, որն այնուհետև գնալու է աստիճանաբար իր բնականոն մակարդակներին»,- ասաց Կարապեստյանը։
Նույնը վերաբերում է նաև արտահանմանը։ Փորձագետն արձանագրում է, որ արտահանման ծավալները Հայաստանից մեկ տարում ավելացել են 80 տոկոսով։ Այս աճը ևս ՀՀ տնտեսության իրական պոտենցիալից շատ ավելի մեծ է և, հետևաբար, չի կարող անվերջ շարունակվել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա հունիսին մայիսի համեմատ արտահանումը 38.9 տոկոսանոց աճ է արձանագրել, հուլիսին այս ցուցանիշը կրճատվել է` գրանցելով 95.1 տոկոսանոց աճ, կամ այլ կերպ ասած` 4.9 տոկոսանոց անկում։
«Չի կարող արտահանումն անընդհատ արագանալ նման բարձր ցուցանիշներով։ Այստեղ մենք միանշանակ ունենք որոշակի պոտենցիալից ավելի բարձր աճի տեմպեր»,- ասաց փորձագետը` արտահանման աճի նման բարձր տեմպը պայմանավորելով ս.թ. մարտից հետո ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով ու ԵԱՏՄ-ում անցած ամիսներին տեղի ունեցած լոգիստիկ-տնտեսական փոփոխություններով։
«Եղել է այդ պոզիտիվ շոկը։ Թերևս Ռուսաստանում որոշակի շուկաներ են ազատվել, վերաարտահանման որոշակի հնարավորություններ են առաջացել, ու այդ ցուցանիշը շոկի ազդեցության ներքո միանգամից մեծացել է»,- կարծում է Կարապետյանը։
Տտեսագետի դիտարկմամբ` այս աճը չի կարող բացառապես ՀՀ-ում արտադրված ապրանքների արտահանման գործոնով պայմանավորված լինել։ Ամենայն հավանականությամբ` այդ ցուցանիշում հաշվառված են նաև ՀՀ տարածքից վերաարտահանված ապրանքները։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրներ 6000-7000 անուն ապրանքների արտահանման համար Հայաստանի արտոնյալ սակագինը հնարավորություն է տալիս իրանցի գործարարներին աշխատելու ԵԱՏՄ շուկայում։ Այսինքն` Իրանը Հայաստանի տարածքով հնարավորություն է ստանում 6000-7000 անուն ապրանք արտահանել ԵԱՏՄ` օգտվելով արտոնյալ մաքսային պայմաններից։ Ընդ որում` հակառակ արդեն իսկ գրանցված ու դեռ կանխատեսվող որոշակի դանդաղումների` Իրանի դեսպանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է կրկնապատկել դեպի Հայաստան ու ԵԱՏՄ շուկա արտահանումները։
Ամեն դեպքում` տնտեսական ցուցանիշերի ամսական կտրվածքով տատանումները, ըստ Նարեկ Կարապետյանի, բավարար չեն իրավիճակի գնահատականը տալու համար, քանի որ կարող են տարբեր պատճառներով պայմանավորված լինել, օրինակ` սեզոնայնությամբ։ Ուստի, տնտեսագետները հակված են վերլուծությունների համար հիմք ընդունել տարեկան ցուցանիշները։ Իսկ դրանք Հայաստանում դեռ բավական լավատեսական են։
Նշենք, որ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ երկրների հետ առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 52,5%-ով` հասնելով 1.7 մլրդ դոլարի։ Ընդ որում` ՀՀ-ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 48,9%-ով, ներմուծումը` 54,2%։