Շուրջ 552 մլն–ով կբարեկարգվի Գառնու տաճարի մերձակա տարածքը. տեղում փոխվարչապետն է եղել

Համբարձում Մաթևոսյանն ու մյուս պաշտոնյաները վստահեցրել են, որ օրեր անց Ողջաբերդի վթարային տների բնակիչներին կտրվեն կառավարության որոշմամբ հատկացված բնակարանների գնման վկայագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայր։
Ինչպես հայտնում են կառավարությունից, փոխվարչապետը հանդիպել է 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչների հետ։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Փոխվարչապետը ողջաբերդցիների հետ զրույցում ընդգծել է, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիների՝ անվտանգ պայմաններում ապրելու անհրաժեշտությունը, հաստատակամ է խնդրի փուլ առ փուլ լուծման հարցում։
Պաշտոնյաները վստահեցրել են, որ օրեր անց Ողջաբերդի վթարային տների բնակիչներին կտրվեն կառավարության որոշմամբ հատկացված բնակարանների գնման վկայագրերը։
Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրը
Միաժամանակ նրանց ներկայացրել են նոր բնակարանի գնման կարգն ու հորդորել վկայականներն իրացնել սահմանված ժամկետում:
Հիշեցնենք` կառավարությունը հուլիսի 7-ին որոշում էր կայացրել 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Ողջաբերդի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է նաև Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 551 մլն 945 հազար դրամ է։ Ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին։
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոմեքենաների համար, բարեկարգվելու է դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: Նախատեսվում է նաև բարեկարգել Գառնու տաճարի պարսպի մերձակա հրապարակը, դիտահարթակը և այլն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ այն 3.4 մլրդ դրամ արժեքով իրականացվող չորս ենթածրագրերից վերջինն է՝ հավելելով, որ դրանցից երեքն արդեն ավարտվել և հանձնվել համայնքի բնակիչներին։
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա
Այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։