ՀՀ-ի համար ՌԴ-ի հետ լաստանավային ուղու բացումն ուժի մեջ է. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Ավելի վաղ Հայաստանը Վրաստանին էր դիմել Վերին Լարսի մեծ ծանրաբեռնվածության պատճառով Ռուսաստանի հետ լաստանավային հաղորդակցություն բացելու խնդրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Վրաստանն ավարտել է ՌԴ-ի հետ լաստանավային փոխադրում սկսելու հարցով խորհրդակցությունները տրանսպորտային ընկերությունների հետ։ Այս մասին Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Պաատա Մանջգալաձեի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել են երկրի էկոնոմիկայի նախարարի աշխատակազմից։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտարարել էին Ազովի ծովում վրացական սևծովյան Փոթիի նավահանգիստը ռուսական Կովկաս նավահանգստի հետ կապող լաստանավային հաղորդակցության բացման մասին։ Երևանում հույս ունեն, որ այս երթուղին հայ բեռնափոխադրողների համար այլընտրանք կդառնա Վերին Լարսին դրա ծանրաբեռնվածության պատճառով։

«Այս տարվա հունիսին ՀՀ էկոնոմիկայի նախարարը դիմել էր մեզ Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցություն սկսելու մասին խնդրանքով։ Վերոնշյալ հարցման հիման վրա համապատասխան տրանսպորտային ընկերությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել»,- հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Մոսկվայի հետ նոր համաձայնագրեր վրացական կողմը չի ստորագրել, իսկ Փոթի-Կովկաս նավահանգիստներով ուղիղ միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցություն կազմակերպելու մասին Վրաստանն ու ՌԴ-ն պայմանագիր են կապել դեռ 2005 թվականի սկզբին։
Այսօրվա դրությամբ, Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն իրականացվում են միայն «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով, որը ՌԴ-ի հետ Վրաստանի ցամաքային սահմանի միակ գործող անցակետն է։
Քերոբյանը խոստացավ Փոթի-Կովկաս լաստանավային երթուղու ժամանակացույց հրապարակել, բայց չկա
Նշենք, որ վրացական Փոթի նավահանգստի և ռուսական Կովկաս նավահանգստի միջև լաստանավային հաղորդակցությունը պետք է մեկնարկեր հունիսի 15-ից։ Օգոստոսի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այն կգործի առաջիկայում։ Սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։
Ինչո՞ւ է Հայաստանի համար այդքան կարևոր Փոթիից Կովկաս լաստանավային փոխադրումը