ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ղազախստանը դադարեցնում է ռազմական արտադրանքի արտահանումը մինչև 2023 թվականի սեպտեմբեր։ Տեղեկությունը հայտնում է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը ռազմական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ է անցկացրել։
«Մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջ զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը դադարեցնելու վերաբերյալ։ Այս առաջարկը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմամթերքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աուդիտի, թույլտվությունների և ծանուցումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու ծրագրերը։