ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Երևանի Դավթաշեն թաղամասում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 26-ին` Ժամը 20.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ժամը 20.40-ին հիվանդանոցային երկրորդ ահազանգն է ստացվել. «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 14-ամյա պատանի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին ծեծի է ենթարկել 14-ամյա պատանուն, որն էլ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել նրան:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: