Բաքուն պնդում է, որ Բրյուսելում կմեկնարկի խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Ալիև-Փաշինյան հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։

«Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է նա։

Հաջիևը նաև պնդում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են լավ գործընկերներ դառնալ Հայաստանի համար։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ իրենք Հայաստանին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին «Արմենպրեսին» տված հարցազրույցում ասել էր, որ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է դառնալ խաղաղության օրակարգի և ճանապարհային քարտեզի հանգուցակետը։
Ըստ նրա` Հայաստանն ընդունելի է համարում Ադրբեջանի առաջարկած հինգ կետից բաղկացած փաստաթուղթը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, սակայն Արցախում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները հայկական կողմի համար հիմնարար նշանակություն ունեն։
Հավելենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։