ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան Ռուսաստան է վերադարձել Իսրայելից, ուր մեկնել էր Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո։ Դիզայներ Իգոր Գուլյաևը Պուգաչովայի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
Կադրերում երևում է` ինչպես է պրիմադոննան դուրս գալիս ավտոմեքենայից։ Պուգաչովան ակնարկել է, որ նոր չէ Ռուսաստանում։
Ավելի վաղ Telegram ալիքներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ 73–ամյա երգչուհին խնդիրներ ունի Ռուսաստանում։ Ռոսպատենտը նրանից պահանջել էր հիմնավորել «Պրիմադոննա» ապրանքանշանի գրանցման անհրաժեշտությունը։
Բացի այդ, այդ ապրանքանշանի տակ մտադիր էին դրոններ, կոսմետիկա, հղիների համար նախատեսված ապրանքներ և նույնիսկ հրազեն արտադրել։
Ինչպես պարզաբանել է փաստաբան Անդրեյ Ալեշկինը, եթե Ռոսպատենտը հրաժարվի գրանցել ապրանքանշանը, որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով։
Փետրվարի վերջին երգչուհին ամուսնու` Մաքսիմ Գալկինի հետ լքել էր երկիրը։ Ընտանիքն Իսրայել էր տեղափոխվել, սակայն ԶԼՄ–ները պարբերաբար հայտնում էին, որ երգչուհին մտադիր է հայրենիք վերադառնալ։